ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Նա շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել հաջողություններ ու անփորձանք ծառայություն:
Սերժ Սարգսյանը ուսման մեջ գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: Սերժ Սարգսյանը իր խոսքում ասել է. «Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է: Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի և աշխարհայացքի մասին: Այսօրվանից մեր ժողովուրդը նաև անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը և խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը: Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին բանակինն է, որովհետև նա առաջին շարքերում է»: «Իմ առաջին հորդորն է նորընծա սպաներին. հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի:
Ռազմական ունակություններն ու հմտությունները նոր ինքնավստահություն են հաղորդում յուրաքանչյուր զինվորի: Այդ լրացուցիչ ինքնավստահության ապահովումը ձեր պարտքն է»,- հայտարարել է նախագահը՝ շարունակելով. «Հիշեք, որ ձեր թիկունքում ոչ միայն ձեր ընտանիքներն են, այլև երկիր և մատենադարան: Մատենադարան նշանակում է քաղաքակրթություն, որի համահեղինակը, կրողն ու ներկայացուցիչն ենք մենք: Այդ քաղաքակրթությունը իր մեջ պարունակում է արժեքներ և այդ քաղաքակրթությանը դեմ են բռնությունն ու արյունահեղությունը, բիրտ ուժն ու տմարդիությունը, անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը: Հայ զինվորականի, սպայի պատվո վարքականոնը արձանագրված է վաղուց և առկա է նույն մատենադարանում»:
«Պաշտպանելով երկիր և մատենադարան՝ դուք պաշտպանում եք այն քաղաքակրթական արժեքները, առանց որոնց չկա հայի ինքնություն, չկա Հայաստան»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: